Ուշադրություն. վատ լուր բոլոր հայերի համար, ովքեր գտնվում են արտերկրում. տեսեք ինչ է սպասվում

Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող քաղաքացիներից շատերը վերադառնում են, մի մասը՝ կամավոր, մի մասը՝ ստիպված: Վերադարձի ուղին ստիպված բռնողները դժգոհում էին, թե իրենց կանչում են՝ զրկելով հարմարավետ կյանքից: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ լուրերին:

«Վերջին շրջանում, իհարկե, արտաքսման դեպքերը շատացել են, և սա ակնհայտ է: Եվրոպական մի շարք երկրներից, մասնավորապես՝ Գերմանիայից, վերադարձի դեպքերը շատացել են, մասնավորապես՝ հարկադիր վերադարձի, որն իր օբյեկտիվ պատճառներն ունի: Դրանցից մեկն այն է, որ միգրացիոն քաղաքականության խստացում է ԵՄ մի շարք երկրներում, այսինքն՝ ներհոսքերը դեպի տվյալ երկրներ այնքան շատ են, որ արդեն սելեկտիվ քաղաքականություն են վարում, և արագացված գործընթացով տարիներ շարունակ կախված դեպքերը հասնում են իրենց տրամաբանական ավարտին»,- ասաց նա:

Դավթյանի խոսքով՝ արտաքսման դեպքերի ավելանալու երկրորդ պատճառն այն է, որ հեղափոխությունից հետո մի շարք գործընկեր ԵՄ անդամ երկրներ Հայաստանը սկսել են դասել ապահով երկրների շարքում, դա նշանակում է, որ տվյալ երկրների իշխանությունները, պատկան մարմինները, գալով, ուսումնասիրելով՝ հասանելի տեղեկությունների հիման վրա արձանագրել են, որ Հայաստանում չկան Մարդու իրավունքների համատարած խախտումներ, պատերազմական գործողություններ, և բացակայում են բոլոր այն հիմքերը, որոնցով տրվում է փախստականի կարգավիճակ և բավարարվում են տարբեր երկրների քաղաքացիների ապաստանի հայցերը: Նման հիմքերից են՝ կրոնական, ազգային, ռասայական, քաղաքական հայացքների հիման վրա կամ սոցիալական որոշակի խմբի պատկանելության պատճառով հետապնդում:

«Այսինքն՝ երբ մարդը հանձնվում է եվրոպական երկրներում, նույնն է, թե ապաստան է խնդրում կամ փախստականի կարգավիճակ է հայցում, նա պետք է հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա դա անի, իսկ ինչպես բոլորիս հայտնի է՝ Հայաստանում նման հետապնդման հիմնավոր երկյուղ օբյեկտիվորեն չկա, դրա պատճառով՝ նույնիսկ արագացված կարգով հաճախ դեպքերը քննվում են, և 15 օրվա ընթացքում, երբեմն նույնիսկ ավելի շուտ դիմած քաղաքացիները ենթարկվում են հարկադիր վերադարձի»,- նշեց նա:

Ծառայության հանրային կապերի պատասխանատուն ընդգծեց, որ ապաստան խնդրածներն ի սկզբանե ծանուցվում են որոշման մասին, եթե որոշումը բացասական է, քաղաքացին ինքը պարտավորվում է վերադառնալ, իրեն տրվում են կամավոր վերադառնալու բազում հնարավորություններ, ընդհուպ՝ ֆինանսական աջակցություն, և մի քանի ծանուցումից հետո արդեն դա արվում է հարկադիր: Հարկադիր վերադարձի գործընթացն, ըստ Դավթյանի, կարգավորվում է ռեադմիսիոն համաձայնագրով. այն ստորագրվել է 2014 թ., ուժի մեջ է մտել 2015-ին, դրանով երկկողմ պարտավորություն է ձեռք բերվել ՀՀ և ԵՄ մի շարք երկիրների միջև՝ միգրացիոն օրենքները խախտող քաղաքացիներին վերադարձնել հայրենի երկիր: Արտաքսման ենթարկվում են թե՛ նոր մեկնած քաղաքացիները, թե՛ նրանք, ովքեր տարիներ շարունակ դրսում էին, սակայն օրինական կարգավիճակ չունեին:

«Ոչ մի սահմանափակում չկա: Եթե ինչ-ինչ պատճառներով, ենթադրենք, եղել է բացասական որոշում, բողոքարկվել է քաղաքացու կողմից, հետո ավելի բարձր դատական ատյաններում է բողոքարկվել կամ տվյալ անձի առողջական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել վերադարձը կազմակերպել, այսինքն՝ իմ նշած արագացված ընթացակարգի շրջանակներում հաշված օրերից մինչև 15-20 տարվա վաղեմության գործեր կարող է՝ հասցվեն ավարտին և վերադարձը կազմակերպվի»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ օրինական հիմքերով Եվրոպայում բնակվող որևէ քաղաքացի ենթակա չէ վերադարձի, միայն անօրինական միգրանտի կարգավիճակում հայտնված քաղաքացիներն են վերադարձվում: