Աննախադեպ հայտարարություն դատարանից. սառույցը շարժվեց. առաջիկա ժամերին…միայն իմանաք, թե ինչ է սպասվում Քոչարյանին

Վճռաբեկ դատարանի Քրեական գործերի պալատի մի քանի դատավորներ հայտարարություն են արել Սահմանադրական դատարանի վերաբերյալ, մասնավորապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի գործերի առիթով ՍԴ որոշումների վերաբերյալ:  Վճռաբեկ դատարանի դատավորները Սահմանադրական դատարանին փաստացի մեղադրում են իր, այսպես ասած, լիազորությունները գերազանցելու համար՝ հայտարարելով, որ ՍԴ-ն խախտել է դատական ատյանների որոշումների մեկնաբանության տիրույթը և արել բաներ, որ չպետք է աներ:

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի և Վաչագան Ղազարյանի գործերով փաստացի կայացրել էր նրանց, այսպես ասած, գործիք կամ խաղաքարտ տվող որոշումներ՝ ըստ էության հայտարարելով, որ նրանք ճիշտ են եղել, իսկ Վճռաբեկը՝ սխալ: Այժմ Վճռաբեկ դատարանի մի շարք դատավորներ հայտարարում են, որ Սահմանադրական դատարանն է եղել սխալ և մեծ հաշվով խախտել դատարանների միջև սահմանը:

Սա աննախադեպ հայտարարություն է, և այն առավել հետաքրքրություն ներկայացնում է այն հանգամանքի բերումով, որ հնչում է դատարանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից և «վեթինգի» կամ, այլ կերպ ասած, դատավորների լյուստրացիայի նախաձեռնության ազդարարումից հետո:

Կանեի՞ն Վճռաբեկ դատարանի նախագահներն այդ հայտարարությունը, եթե չլիներ դատական համակարգի վիրահատական փոփոխության և «վեթինգի» մասին վարչապետի հայտարարությունն ու նաև հանրության լայն աջակցությունն այդ նախաձեռնությանը: Սա իհարկե հարց է, որին մի կողմից՝ բավական բարդ է միարժեք պատասխանելը, մյուս կողմից էլ՝ ակնառու է, որ հայտարարությունը փաստորեն հնչել է ՍԴ որոշումներից բավականին ժամանակ անց, ինչը նշանակում է, որ այդուհանդերձ այն գործընթացը, որ նախաձեռնել է վարչապետը, ունեցել է իր ազդեցությունը:

Այդպիսով, Վճռաբեկ դատարանի հայտարարությունը դառնում է որոշակի հուշում, որ սառույցն այդուհանդերձ շարժվել է, գործընթացը՝ սկսվել, որքան էլ տարբեր շրջանակներ փորձեն արձանագրել, որ դատարանների շրջափակման ակցիան մարդաշատ չէր և ըստ այդմ՝ տապալված:

Ի դեպ, այդ առումով ուշադրության է արժանի ոչ միայն Վճռաբեկից ստացված հայտարարությունը, որը վկայում է այն մասին, որ դատական համակարգն ինքն էլ որոշակիորեն միանում է «վեթինգի» գործընթացին՝ իհարկե փոխաբերական իմաստով, այլ նաև մայիսի 23-ին հայտնի դարձած ԵՊՀ ռեկտորի հրաժարականը: Սա ինքնին հետաքրքիր էր և տվել է անգամ կատակի տեղիք՝ դատարանները շրջափակեցին, բայց առաջինը հրաժարական տվեց ԵՊՀ ռեկտորը:

Կատակն իհարկե մի կողմ, սակայն այս հրաժարականը, անկասկած չունենալով ուղիղ կապ, այդուհանդերձ քաղաքական միջավայրի և տրամաբանության տեսանկյունից մայիսի 20-ի ակցիայի հետ պատճառահետևանքային կապի մեջ է: Այդ տեղեկությունը հաստատում է մեր այն եզրակացությունները կամ դիտարկումները, որ դատաիրավական համակարգի առիթով Նիկոլ Փաշինյանի ելույթն ու կտրուկ հայտարարությունները գործնականում ներառում էին քաղաքական հարցերի լայն շրջանակ և մեծ հաշվով ներքաղաքական նոր միջավայրի ձևավորման հերթական հանգրվանային փուլն էին:

Այդ փուլերը անկասկած լինելու են մի քանիսը, և դրա միջով պետք է անցնի նոր քաղաքական համակարգի ձևավորման գործընթացը: Այդ փուլերը ապոկալիպտիկ վկայություններ չեն, դրանք չկայացած, թերկայացած հանրային և քաղաքական ավանդույթների և ինստիտուտների պայմաններում նոր քաղաքական համակարգի տանող ֆիլտրացիոն հանգույցներն են:https://www.1in.am/2565050.html